
Անչափահասը ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ կատարելու կասկածանքով
Հոկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 4։40-ի սահմաննեում, պարեկները Նոր Նորքի Հունան Ավետիսյանի փողոցում ծառայություն կատարելու ընթացքում նկատել են երկու երիտասարդի։ Նրանցից մեկը, տեսնելով պարեկներին, փորձել է պայուսակում թաքցնել ինչ-որ իր, ինչի արդյունքում երիտասարդները անմիջապես ձերբակալվել և տեղափոխվել են Նոր Նորքի համայնքային ոստիկանության բաժին։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանները պարզել են, որ ձերբակալվածները՝ Երևանի բնակիչ 16-ամյա և Արարատի մարզի Նորաբաց գյուղի 23-ամյա երիտասարդները, մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայանված շուրջ 40 ավտոմեքենաներից գողություններ են կատարել։ Գողացված մասերի փոխարեն նրանք հետագայում ավտոմեքենաների վրա թողել են տելեգրամյան ալիքների հասցեներ՝ գումար պահանջելու նպատակով, այսպես կոչված՝ «վճարել և վերցնել» համակարգի միջոցով։
Անձնական խուզարկությամբ ոստիկանները երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերել են 15 թուղթ՝ տելեգրամյան ալիքների հասցեներով, որտեղ նշված են գողացված ավտոմեքենաների մասերի գտնվելու վայրերը և պահանջվող գումարները։