
Երևանում «Zhongtong» ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել
Հոկտեմբերի 17-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում տեղի է ունեցել խոշոր ավտովթար՝ քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ։
Ժամը 11:00-ի սահմաններում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ապա՝ նույն հատվածում կայանված «Mazda»-ին։ Վերջինս էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Honda Accord» մակնիշի ավտոմեքենային։
Հարվածի արդյունքում ավտոմեքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի մեքենան։
Amnews-ին Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ավտոբուսում գտնվել են մի քանի ուղևորներ, որոնք, բարեբախտաբար, չեն տուժել։ Դեպքի հանգամանքները պարզում են իրավապահ մարմինները։