Գորիսի դրամատիկական թատրոնը դիպլոմի է արժանացել միջազգային փառատոնում
Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը դիպլոմով է պարգևատրվել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացված «Նավրուզ» մասնագիտական թատրոնների միջազգային փառատոնում։
Գորիսի թատրոնի ստեղծագործական կազմը բեմ է բարձրացել Ա․ Լախուտինի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնում՝ ներկայացնելով Ակսել Բակունցի «Միրհավ» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը։ Ներկայացումը դիպլոմի է արժանացել՝ բարձր ռեժիսորական և դերասանական վարպետության, ինչպես նաև թեմայի արդիականության և արվեստում ունեցած ներդրման համար։
Փառատոնի հանդիսավոր բացումը կայացել է Տաջիկստանի Ս. Աինիի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ Տաջիկստանի մշակույթի նախարարի, պետական այլ պաշտոնյաների և մի շարք երկրների թատերական պատվիրակությունների մասնակցությամբ։
Փառատոնին մասնակցել են թատրոններ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Իրանից և Տաջիկստանից։