
Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը Լոս Անջելեսում բռնկված հրդեհների պատճառով տարհանվել են
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը Լոս Անջելեսում բռնկված հրդեհների պատճառով տարհանվել են իրենց առանձնատներից: Սրա մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանները, Քրիս, Քայլի և Քենդալ Ջեններները իրենց ընտանիքների հետ լքել են տարածքը։
Հայկական «Carousel» ռեստորանն էլ սոցցանցի իր էջում հայտնել է, որ իրենք Քարդաշյանների ընտանիքի անունից սնունդ են հասցրել ավելի քան հազար հրշեջի, որոնք պայքարում են աղետի գոտում բռնկված հրդեհի դեմ: Պատվերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 2500 ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք, որ հրդեհների հասցրած գույքային վնասներն ահռելի են, անկախ կազմակերպությունների գնահատականներով՝ կարող են հասնել մոտ 150 միլիարդ դոլարի։ Այրվել են ավելի քան 10 հազար շինություններ, այդ թվում՝ դպրոցներ, եկեղեցիներ։ Ավելի քան 180 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել։
Հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ, հայ համայնքի ներկայացուցիչները ևս գույքային վնասներ են կրել, ամբողջությամբ այրվել է Սահակ-Մեսրոպ վարժարանը։ ՀՀ ԱԳՆ-ի վերջին տվյալներով՝ զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան։