ՀայաստանՊատահար

Դատարանը տնային կալանք և գրավ է կիրառել Մանկավարժական համալսարանի ռեկտորի նկատմամբ

Դատարանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանք և 20 միլիոն դրամ գրավ։ Այս մասին Amnews-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, համալսարանի պրոռեկտորներից մեկը և մի շարք այլ աշխատակիցներ։ Նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում, խարդախություն և կաշառք ստանալու մեջ։

Ռեկտորի պաշտպան Կարեն Գաբրիելյանը հայտնել է, որ դատարանը մերժել է Գևորգյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը և որոշել կիրառել այլընտրանքային խափանման միջոց։ Պաշտպանը նշել է, որ Գևորգյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Սրբուհի Գևորգյանը ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մարտի 19-ից: