
Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է 106 միլիոն 300 հազար դրամի վատնման համար
Հակակոռուպցիոն դատարան է հանձնվել Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձ Գ.Ա.-ի և նրան օժանդակած անձանց՝ Կ.Պ.-ի, Ա.Ա.-ի, հասարակական կազմակերպություններից մեկի տնօրեն, «dasaran.am» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական գործը: Նրանք մեղադրվում են պետական բյուջեից 106 միլիոն 300 հազար դրամ վատնելու մեջ: Մեղադրյալների նկատմամբ գույքային հայց է հարուցվել դատարան՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով:
Քննության արդյունքում պարզվել է, որ 2019-2021 թվականներին Պաշտպանության նախարարության և մասնավոր ընկերության միջև կնքված պայմանագրերի շրջանակներում կազմվել և շրջանառության մեջ են դրվել կեղծ հանձնման-ընդունման արձանագրություններ, հաշիվ-վավերագրեր և ակտեր, որոնց հետևանքով բյուջեին հասցվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։
Գործի շրջանակներում 2025 թվականի հունվարի 7-ին դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում: Մասնավորապես՝
— Գ.Ա.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի վատնում իրականացնելու (Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), պաշտոնեական կեղծիք իրականացնելու և դրդելու մասերով (314-րդ հոդվածի 1-ին մաս և 38-314-րդ հոդվածի 1-ին մաս)
— Ա.Բ., Ս.Ա., Կ.Պ. և Ա.Ա.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքին օժանդակելու և վատնում կատարելու համար։