6 կգ թմրամիջոց և 14 մլն դրամի փողերի լվացում․ Հայաստանում թմրաշրջանառության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հ․Ն․-ի նկատմամբ։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Հ․Ն․-ն 2024-2025 թվականների ընթացքում իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, դրանք առանձնացրել ըստ քաշերի, փաթեթավորել և թաքցրել նախապես ընտրված վայրերում։
Թմրամիջոցների վաճառքն իրականացվել է «Տելեգրամ» հավելվածում գործող առցանց խանութ-հարթակի միջոցով՝ կրիպտոարժույթով փոխանցումների դիմաց։ Խուզարկության արդյունքում Հ․Ն․-ի փաստացի բնակության վայրից հայտնաբերված և առգրավված է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6.5 կգ քաշով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ Հ․Ն․-ն ապօրինի իրացումից ստացված գումարները՝ 14 մլն 272 հազար 985 դրամ, փորձել է օրինականացնել բանկային հաշիվների և էլեկտրոնային դրամապանակների միջոցով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Հ.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ներկայացնելու միջնորդությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
