
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծեծկռտուքի նոր մանրամասներ են ի հայտ եկել
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծեծկռտուքից հետո ազատությունից զրկված անձանց ցուցաբերվել է բժշկական օգնություն։ 2 անձի մոտ առկա վնասվածքների կասկածի կապակցությամբ կատարվել է նաև ռենտգեն հետազոտություն:
Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 3-ին։ Քրեակատարողական ծառայությունը տեղեկություններ էր ստացել, որ հիմնարկում դատապարտյալներից մեկը խաթարել է բնականոն աշխատանքը, ներկայացրել անօրինական պահանջներ և հրահրել այլ ազատազրկված անձանց։
Ծառայությունը որոշում է կայացրել նրան տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել գույքը, այրել ներքնակները և հարվածել խցերի դռներին։
Հիմնարկի ծառայողները բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։
Արդյունքում, Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը կիրառել է ֆիզիկական ուժ, դուրս բերել խցերից անհնազանդ անձանց և իրականացրել խուզարկություններ։
Գործողություններից հետո երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն բժշկական հետազոտության արդյունքում կոտրվածքներ չեն հայտնաբերվել։