«Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին
«Աստղիկ» բժշկական կենտրոնում նախորդ գիշերը նորածին է մահացել։ Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, կենտրոնի ծննդատուն է տեղափոխվել 27-ամյա հղի կին՝ ծննդաբերական ցավերով։ Մի քանի ժամ անց բուժանձնակազմը տեղեկացրել է ծննդկանի հարազատներին, որ նորածինը մահացել է։
Մահացած նորածնի հարազատները մեղադրում են բժիշկներին բուժօգնության ոչ պատշաճ ցուցաբերման մեջ և արդեն դիմել են իրավապահներին։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ հատկանիշներով։ Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։
Քննությունը շարունակվում է։
