ՀայաստանՊատահար

8000 դոլար կաշառք պատկան մարմնի ներկայացուցչին՝ արտահանման թույլտվության համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել են կոռուպցիոն սխեմաներ՝ կապված ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրման հետ։ Հետաքննության արդյունքում կոռուպցիայի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր 6 անձի։

Ըստ հաղորդագրության՝ 2024 թվականի հոկտեմբերին տնտեսվարողը՝ նպատակ ունենալով անխոչընդոտ կազմակերպել խոշոր եղջերավոր կենդանիների արտահանումը, 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն է տվել մի անձի, որը մտերիմ կապեր է ունեցել ՍԱՏՄ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց հետ։ Վերջինիս միջամտությամբ արտահանման թույլտվությունները տրվել են, և 2024 թվականի հոկտեմբերի 18-ին կենդանիները արտահանվել են:

Նույն ամիս կատարված հերթական այցի ընթացքում ՍԱՏՄ երկու գլխավոր տեսուչներ տնտեսվարողի մոտ հայտնաբերել են խախտումներ, սակայն դրանք չարձանագրելու դիմաց ստացել են 190.000 ՀՀ դրամ կաշառք։ Բացի այդ, նրանցից մեկը կազմել է կեղծ տեղեկանք, որի հիման վրա թույլատրվել է կենդանիների խմբաքանակի արտահանումը։

8000 ԱՄՆ դոլար ստացած անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն արդեն ուղարկվել է դատարան։