
Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել է 25 մարդ
Ապրիլի 26-ին Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։
Ապրիլի 27-ի տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասնում է 25-ի, վիրավորների թիվը 800 է։
Այն այնքան ուժեղ է եղել, որ զգացվել է կիզակետից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Պարսից ծոցի Քեշմ կղզում։ Մի քանի կիլոմետր շառավղով գտնվող կառույցներում վնասվել են պատուհանները: Փլուզվել է նավահանգստի շենքերից մեկը։
Հորմոզգան նահանգում, որտեղ երեկ կեսօրին տեղի է ունեցել պայթյունը, հայտարարվել է սգո օր։
Նավահանգստում շարունակվում են պայթյունի հետևանքով բռնկված հրդեհի մարման աշխատանքները։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հրամայել է հետաքննություն սկսել պայթյունի գործով։