Քննչական կոմիտեն հանցանք չի տեսնում անվտանգության աշխատակցի կողմից բռնություն կիրառելու միջադեպում
Մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստանի գավաթի եզրափակիչից հետո միջադեպ է տեղի ունեցել։ «Նոա» — «Արարատ-Արմենիա» հանդիպումից հետո «Thor» անվտանգության ծառայության աշխատակիցը բռնություն է կիրառել խաղադաշտ մտած անչափահաս երկրպագուի նկատմամբ։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ վարույթ չի նախաձեռնվել։
Ըստ FAF-ի՝ տեսանյութում հստակ երևում է, որ բռնություն կիրառողը «Thor» ընկերության ղեկավարներից մեկն ու ՀՖՖ անվտանգության պետն է։ Նա հարվածել է անչափահասին այն ժամանակ, երբ արդեն կանխել էր երկրպագուի գործողությունները։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպից հետո հաղորդում էր ներկայացրել Քննչական կոմիտե, սակայն մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ վարույթ չի նախաձեռնվել՝ նշելով, որ ներկայացված հաղորդումը չի պարունակում որևէ փաստական տվյալ առերևույթ հանցանքի մասին։
ՀՖՖ-ն, իր հերթին, դատապարտել է պահնորդի վարքագիծը՝ հայտարարելով, որ նման գործողությունները անընդունելի են և հակասում են ֆուտբոլային համայնքում գոյություն ունեցող արժեքներին։