Նախատեսվում է դպրոցներում անցակետեր տեղադրել
Հայաստանի կրթական համակարգում նախատեսվում է իրականացնել փոփոխություն՝ ավագ և ավելի քան 700 աշակերտ ունեցող դպրոցներում անցակետերի տեղադրման միջոցով։ Այս որոշման նպատակն է ապահովել դպրոցների տարածքի անվտանգությունը և կանխարգելել թմրանյութերի շրջանառությունը կրթական հաստատություններում։
Թեև այս պահին նախաձեռնության տեխնիկական մանրամասները վերջնականացված չեն, կարելի է ենթադրել, որ դպրոցներում կտեղադրվեն մետաղորսիչ սարքեր, տեսանկարահանող համակարգեր և վերահսկողության այլ մեխանիզմներ։ Այս ամենը պետք է թույլ տա ժամանակին հայտնաբերել թմրամիջոցների ապօրինի ներմուծման փորձերը, ինչպես նաև վերածել դպրոցը առավել վերահսկելի միջավայրի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մղչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի էր ունեցել միջադեպ. բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել էին 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։