Երեխաներին կապել են և թմրանյութ տվել․ 4 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ օրեր առաջ դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ։ Ըստ տեղեկությունների՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել։ Նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ևս մեկ անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:
Հետապնդման ենթարկվողներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական և վարչական հսկողություն, մեկի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, իսկ մեկ անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։