Կվերանայվի կրթաթոշակների տրամադրման համակարգը․ կրթության համակարգում նոր փոփոխություններ են սպասվում
Մայիսի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատեց նոր օրենքի նախագիծ։ Փաթեթով նախատեսվում է միավորել ոլորտը կարգավորող նախկինում տարբեր փուլերում ընդունված չորս օրենքները և դրանք փոխարինել մեկ ամբողջական օրենսդրական շրջանակով։ Օրենքը նպատակ ունի վերանայել բարձրագույն կրթության կազմակերպման սկզբունքները, բարելավել կառավարման մեխանիզմները, ապահովել որակի վերահսկում և բարձրացնել ուսանողակենտրոն մոտեցումը։
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ կրթական ծրագրերի որակը վերահսկվելու է լիցենզավորման և հավատարմագրման նորացված մեխանիզմներով, կվերանայվի կրթաթոշակների տրամադրման համակարգը՝ փոխարինելով այն բազմամակարդակ մոտեցմամբ։
Նոր օրենքով՝ բուհերի կառավարման համակարգում սահմանվելու են սահմանափակումներ՝ բացառելով կուսակցական կամ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը, ինչպես նաև արգելվելու է կուսակցական քարոզչությունը կրթական հաստատություններում։
Նախագծի հեղինակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նիստի ընթացքում ասաց, որ ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը կուտակվել է տարիների ընթացքում։ Նա ընդգծեց, որ բարձրագույն կրթությունը աստիճանաբար հեռացել է հետազոտահեն մոտեցումից, և ներկայումս մեծ մասը կառուցված է դասախոսությունների վրա՝ երբեմն թուլացած որակով։
Նոր համակարգը նախատեսում է ուսանողներին առաջարկել անհատական պլանով և կամընտրական մոդուլներով ուսում՝ ավելի հարմարեցված ուսանողի կարիքներին։ Բացի այդ, կրթաթոշակները կտրամադրվեն նոր չափորոշիչներով՝ սոցիալական և ակադեմիական գործոնների հիման վրա։
Նախագիծը դեռ պետք է անցնի քննարկում Ազգային ժողովում։