ՀայաստանՍպորտ

ՀՖՖ անվտանգության պետը բռնություն է կիրառել անչափահաս երկրպագուի նկատմամբ․ փաստաթղթերի Քննչականում են

Հայաստանի գավաթի եզրափակիչ «Նոա» — «Արարատ-Արմենիայի» հանդիպումից հետո FAF-ը («Առաջին հայկական ճակատ») տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է անվտանգության աշխատակիցներից մեկը բռնություն կիրառում խաղադաշտ դուրս եկած պատանի երկրպագուի նկատմամբ։

Ըստ FAF-ի՝ տեսանյութում հստակ երևում է, որ բռնություն կիրառողը «Տոռ» ընկերության ղեկավարներից մեկն ու ՀՖՖ անվտանգության պետն է։ Նա հարվածել է անչափահասին այն ժամանակ, երբ արդեն կանխել էր երկրպագուի գործողությունները։

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը դեպքի առթիվ նշել է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

Նմանօրինակ դեպք տեղի էր ունեցել 2022 թվականին՝ Երևանի «Փյունիկի» և Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղից հետո: Երևանյան ակումբի մի խումբ պատանի երկրպագուներ ներխուժել էին Հանրապետական մարզադաշտի խաղադաշտ։ Ակումբի գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը պատանիներից մեկի նկատմամբ բռնություն էր կիրառել, սակայն թիմի աշխատակիցների պահվածքի համար նա ներողություն էր խնդրել։