6 տարեկանից մեծ երեխաները կսովորեն իրենց տարիքին համապատասխան դասարանում
2024-25 ուսումնական տարում ուժի մեջ կմտնի նոր կարգավորում․ երեխան, որը 6 տարեկանից ավելի մեծ է, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանում և կրթություն ստանա համապատասխան դասարանում: Օրինակ, եթե երեխան 7 տարեկան հասակում սկսի հաճախել դպրոց, ապա նա կսովորի երկրորդ դասարանում, այլ ոչ թե առաջին։ Սրա մասին մայիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։
Նրա խոսքով՝ փոփոխությունը նպատակ ունի կանխել երեխաների՝ կրթական համակարգից դուրս մնալը։
Յուրաքանչյուր տարի դպրոց հաճախող երեխաների մոտ 10 տոկոսը դպրոց չի գնում։ Այդ երեխաները լրացում են կրթությունից դուրս մնացած երեխաների ցանկը, — նշեց փոխնախարարը։
Նա նշեց՝ կան ծնողներ, ովքեր չեն կարևորում երեխայի դպրոց գնալու տարիքային շեմը կամ ինքնակամ որոշում են՝ երբ երեխային տանել դպրոց, մինչդեռ «Հանրակրթության մասին» օրենքը հստակ սահմանում է՝ տվյալ տարվա ընթացքում 6 տարին լրացնող երեխան պետք է ընդունվի դպրոց։ Բացառություն կկազմեն միայն այն երեխաները, ովքեր ունեն մտավոր զարգացման խնդիրներ և կարիք ունեն հատուկ կրթական պայմանների։
Սվաջյանը հավելեց՝ կրթության համակարգում կան ռիսկեր, որ ուշ դպրոց գնացող երեխաները կարող են հետ մնալ ծրագրից, բայց դպրոցներին հանձնարարվել է նախապատրաստվել այդ իրավիճակին։ Սվաջյանը հավելեց, որ մոտ ապագայում նախատեսվում են խորհրդակցություններ, որպեսզի ուսումնական հաստատությունները կարողանան լրացուցիչ աշխատանք իրականացնել և օգնել այդ երեխաներին՝ համապատասխանելու իրենց տարիքային դասարանի մակարդակին։