ՀայաստանՌազմական

Հին ռազմամթերքը տալ, ստանալ նորը․ Հայաստանում ռազմարդյունաբերության մասին օրենքում փոփոխություններ կլինեն

Տեղական ռազմարդյունաբերական կազմակերպություններին պետությունը մտադիր է հանձնել սեփականություն հանդիսացող ռազմամթերքը՝ դրանց արդիականացման, նորոգման կամ փորձարկման նպատակով։ Ազգային ժողովում քննարկվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը։ Այն վերաբերում է ռազմական տեխնիկայի և զինամթերքի տրամադրմանը մասնավոր ընկերություններին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ տարիներ շարունակ նախատեսվում էր իրականացնել դա, ակայն հստակ իրավական կարգավորման բացակայությունը խոչընդոտել է գործընթացի իրականացմանը։

Օրենքում լրացումը կառավարությանը թույլ կտա սահմանված ընթացակարգով ու արդյունավետ կերպով ռազմական նշանակության միջոցները փոխանցել ռազմարդյունաբերական ընկերություններին։

Ավելի վաղ Մխիթար Հայրապետյանը նշել էր, որ Պաշտպանության նախարարությունը 52 եռամյա պայմանագիր է կնքել հայկական ռազմարդյունաբերական 27 ընկերությունների հետ, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 171 մլրդ դրամ։