ՀայաստանՏնտեսություն

Կարկուտից տուժած համայնքներում վնասները կգնահատվեն

Վերջին օրերին տեղացած կարկուտը զգալի վնաս է հասցրել Հայաստանի գյուղատնտեսությանը՝ հատկապես Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և այլ մարզերում։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ մարզպետարանների, համայնքների և նախարարության համատեղ աշխատանքային խմբերը շարունակում են վնասների գույքագրումը։ Նախարարը նշել է, որ որոշ գյուղերում կարկուտը տեղացել է միայն գյուղի մի հատվածում, ինչը բարդացնում է վնասների ամբողջական գնահատումը ։ 

Առաջիկայում նախարարը կայցելի Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Նա ընդգծել է, որ գույքագրման ավարտից հետո կառավարությունը կընդունի համապատասխան որոշումներ՝ աջակցելու տուժած գյուղացիներին և ապահովելու գյուղատնտեսության կայուն զարգացումը ։ 

Բացի այդ, կառավարությունը նախատեսում է 40% փոխհատուցում տրամադրել կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման համար՝ խթանելով գյուղատնտեսական արտադրության պաշտպանությունը բնական աղետներից։

Մինչ այժմ պետությունը նման փոխհատուցում էր տրամադրում միայն որոշ ռիսկային համայնքներին, սակայն հիմա ծրագրում ընդգրկվելու հնարավորություն կունենան ՀՀ բոլոր բնակավայրերի տնտեսվարողները։ Նախագիծը արդեն ստացել է դրական եզրակացություն և առաջիկայում կընդունվի կառավարության կողմից։

Նախարարը նաև անդրադարձել է հակակարկտային պաշտպանության համակարգերին՝ նշելով, որ հրթիռային համակարգերը կարող են ավելի արդյունավետ լինել, սակայն դրանց կիրառումը ներկայումս անհնար է ՀՀ-ում։ Վերջին  շրջանի անձրևային հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է առաջացել, սակայն մնացած 63 համակարգերն աշխատել են ։

Սեդա Մարտոյան