
Նոր Նորքում ծեծկռտուքի գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել, ներառյալ թաղապետին
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է սկսվել չորս անձի նկատմամբ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կիրառելու հատկանիշներով։
Մեղադրանք է առաջադրվել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին։
Միջադեպը տեղի է ունեցել հանրային քննարկման ընթացքում, երբ վարչական շենք էր մտել քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Քննարկմանն ընդառաջ տեղի ունեցած վեճի արդյունքում վերջինս ենթարկվել է բռնության։ Տարբեր տեսանյութերում արձանագրվել է, թե ինչպես են մի քանի անձինք, այդ թվում՝ թաղապետը, հարվածում Չախոյանին։
Դրանից հետո ակտիվիստը տեղափոխվել է հիվանդանոց՝ դեմքի վնասվածքներով։ Ոստիկանության բաժնում հաղորդում ներկայացնելուց հետո, նրա նկատմամբ ևս քրեական հետապնդում է սկսվել՝ խուլիգանության հատկանիշներով։
Ըստ իրավապահ մարմինների՝ դեպքի առթիվ ձերբակալվել է 6 անձ։ Արթուր Չախոյանը որոշ ժամանակ անց ազատ է արձակվել։ Վարչական շրջանի ղեկավարը ձերբակալվածների թվում չի եղել։
Նախաքննությունը շարունակվում է։