
ՊԵԿ-ը կանխել է ԱՄՆ-ից մարիխուանայի մաքսանենգ փոխադրումը. ձերբակալվել են երեք անձինք
«ՕՆԵՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում՝ մաքսային հսկողության գոտում, մաքսային զննման է ենթարկվել ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված մի առաքանի։ Բացի անձնական իրերից և հագուստից, հայտնաբերվել է նաև 970 գրամ մարիխուանա։
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները պարզել են, որ առաքանին նախատեսված է եղել մի քաղաքացու համար, որը պետք է այն վերցներ «ՕՆԵՔՍ»-ի պահոցից։ Տեղում սահմանվել է շուրջօրյա հսկողություն, ինչի արդյունքում Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասնաշենքից ձերբակալվել է ՀՀ քաղաքացի։ Վերջինս տեղափոխվել է ՊԵԿ, ապա՝ Քննչական կոմիտե, որտեղ ձերբակալվել է։ Հետաքննության տվյալներով՝ թմրամիջոցը նախատեսված էր «Telegram» հարթակում վաճառելու համար։
Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ մարիխուանան պետք է փոխանցվեր Վանաձոր-Ստեփանավան թունելի հարակից հատվածում։ Տեղում կազմակերպվել է դարանակալում, որի ընթացքում պարզվել է թմրամիջոցները ստանալու եկող անձանց ինքնությունը։ Ստեփանավանում ձերբակալվել են ևս երկու քաղաքացի, որոնք նույնպես տեղափոխվել են ՊԵԿ, ապա Քննչական կոմիտե՝ նույն գործով որպես կասկածյալներ։
Ներկայում ՊԵԿ-ի կողմից շարունակվում են օպերատիվ միջոցառումները՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց բացահայտելու նպատակով։