ՀայաստանՊատահար

Ջրատար ընկած կնոջը փրկել են, տղամարդուն՝ ոչ. վարորդը ձերբակալվել է

Ապրիլի 26-ի առավոտյան անհայտ հանգամանքներում մի կին և տղամարդ ընկել են Արցախի պողոտայի ջրատարը։ Կնոջը հաջողվել է դուրս բերել, իսկ տղամարդուն՝ ոչ։ Ոստիկանությունը դեպքի առթիվ մեկ անձի է կալանավորել։

Ըստ Ներքին գործերի նախարարության հաղորդագրության՝ առաջինը օգնության են հասել Ոստիկանության ծառայողները։ Կնոջը նրանք դուրս են բերել, իսկ տղամարդուն ջուրը քշել է։ Նրանք փորձել են գտնել տղամարդուն՝ վազելով ջրատարի երկայնքով, սակայն ապարդյուն։

Ոստիկանության տվյալներով՝ ջրատարն ընկած կինը Երևանի բնակիչ 48-ամյա Սյուզաննա Կ.-ն է, իսկ օտարերկրացի տղամարդը՝ նրա 42-ամյա ընկերը։

Նախնական վարկածով՝ դեպքը դժբախտ պատահար էր բնութագրվել, սակայն հետաքննությամբ պարզվել է, որ տեղի ունեցածը հանցագործություն է։ Քրեական ոստիկանությունը պարզել է, որ զույգը նախորդ օրը Նոր Խարբերդի տներից մեկում ալկոհոլ է օգտագործել, ապա որոշել են գնալ զվարճանքի վայր։ Ճանապարհին նրանք կանգնեցրել են պատահական մեքենա՝ արծաթագույն «Օպել», որը վարել է 26-ամյա երիտասարդը՝ եղբոր հետ։

Ճանապարհին եղբայրների և ուղևորների միջև վեճ է առաջացել, որին հետևել է քաշքշուկը։ Ոստիկանության տվյալներով՝ վարորդը մեքենան կանգնեցրել է ջրատարի մոտ, և դեռևս անհայտ հանգամանքներում կինը հայտնվել է ջրատարում։ Դրանից հետո, ըստ նախաքննության տվյալների, տղամարդուն դիտավորյալ ջրատարն է գցել վարորդը և լքել դեպքի վայրը։

Երկու եղբայրներն էլ բերման են ենթարկվել։ Ավագ եղբորը մեղադրանք է ներկայացվել, դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։