Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ վարչապետի նախկին օգնական Հրաչյա Թաշչյանը։ Այս մասին տեղեկացնում է թանգարան–ինստիտուտի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ օրերս կայացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում որոշում է ընդունվել հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հրաչյա Թաշչյանին։ Նա մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։
Ավելի վաղ Թաշչյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր նշանակումը օրերի հարց է։
Նույն օրը հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է նրան հորդորել աշխատանքից ազատման դիմում գրել։ Պաշտոնական մեկնաբանության մեջ նշվում է, որ Գզոյանը բավարար կերպով չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող շինարարական աշխատանքները։
Մամուլում նաև տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ նրա ազատումը կարող է կապված լինել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցի հետ։ Այցի ընթացքում Գզոյանը Վենսին ներկայացրել էր Սումգայիթի և Բաքվի ջարդերի պատմությունը, ինչպես նաև Արցախյան հակամարտության վերաբերյալ տեղեկություններ, իսկ վերջում Գզոյանը նրան նվիրել էր Արցախի հիմնահարցին վերաբերող գիրք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հաստատել է, որ Գզոյանի հրաժարականը տեղի է ունեցել իր ցուցումով։

