
Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում դասադուլ է
Մայիսի 8-ին Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողները, աշակերտներն ու ուսուցիչները վաղ առավոտից ստորագրահավաք են իրականացնում։
Նրանք պահանջում են, որ իրենց դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից չազատեն։ Ծնողների խոսքով՝ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։
Ի պաշտպանություն տնօրեն Նատալյա Ստեփանյանի` ծնողները ստորագրահավաք են սկսել դպրոցում։
Արդեն 1000–ից ավել ծնող ստորագրել է, մենք պահանջում ենք, որ ԿԳՄՍ նախարարը բացատրի, թե ինչու են դպրոցի տնօրենին հեռացրել աշխատանքից։ Ասում են` ատեստացիա չի անցել, բայց մենք ուզում ենք մեզ ցույց տան այդ ատեստացիայի արդյունքները, որովհետեև մեր տնօրենը խելացի է և բանիմաց, մենք չենք հավատում ուղղակի ասեկոսեներին,– լրագրողների հետ զրույցում ասաց ծնողկոմիտեի նախագահ Ալվինա Հովակիմյանը։
Նշենք, որ այսօր ժամը 19։00-ին ծնողները Տիգրան Ավինյանին և Ժաննա Անդրեասյանին հրավիրել են դպրոց` քննարկման, որպեսզի հասկանան այս քայլի պատճառները։