ՀայաստանՊատահար

Պայթյուն Արմավիր քաղաքում․ կան տուժածներ

Նոյեմբերի 11-ին, ժամը 16:14-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

Ըստ նախնական տվյալների՝ պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը։ Փայթյունի հետևանքով 2 հոգի ստացել են վնասվածքներ. մեկը օպերատիվորեն ցուցաբերված առաջին բուժօգնությունից հետո տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ մյուսը հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Ներքին գործերի նախարարությունից Amnews-ին հայտնեցին, որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև 2 ավտոմեքենաներ։ Այս պահին տարածքը սահմանազատված է, և դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև ոստիկանության պարեկային ծառայության տեղական ուժերը՝ գումարտակային և վաշտային հրամանատարների գլխավորությամբ։