
Ուժգին քամին Հայաստանի տարբեր մարզերում վնասներ է պատճառել. գրանցվել է 57 արտակարգ դեպք
Մայիսի 11-ին Հայաստանի մի շարք համայնքներում ուժգին քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Ըստ հաղորդագրության՝ քամիների հետևանքով վնասվել են շենքերի տանիքներ, անձրևատար խողովակներ, տապալվել են ծառեր։ Արտակարգ իրավիճակների հաշվարկով՝ Երևանում գրանցվել է 44 դեպք, Լոռու մարզում՝ 4, Կոտայքի մարզում՝ 3, Տավուշում՝ 2, Արագածոտնում՝ 2, Արմավիրում և Արարատում՝ մեկական դեպք։
Ահազանգերը հիմնականում ստացվել են ժամը 15:45-ից՝ Երևանից, Աբովյանից, Վանաձորից, Դիլիջանից, Իջևանից, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, և Արմավիրի մարզի Մրգաստան համայնքներից։
Բացի այդ՝ ուժեղ քամու պատճառով որոշ ինքնաթիռներ չէին կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։