Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում վնասել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը։ Տեղեկությունը սոցիալական հարթակում հրապարակել է ֆրանսաբնակ քուրդ ակտիվիստ Էլիս Էլվան Չելիքը։
Նա տեղի ունեցածը բնութագրել է որպես լուրջ ոտնձգություն և քննադատել քաղաքային իշխանությունների լռությունը՝ շեշտելով, որ միջադեպի պատասխանատուները պետք է բացահայտվեն և ենթարկվեն պատասխանատվության։ Չելիքի պնդմամբ՝ հուշարձանի հետևի հատվածում առկա նշագրությունը կապվում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման հետ։ Նա նաև հարց է բարձրացրել, թե ինչու համապատասխան կառույցները չեն կանխում նման կազմակերպությունների գործունեությունը։
Խաչքար-հուշարձանը գտնվում է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի դ’Արմենի հրապարակում և նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այն տեղադրվել է 1993 թվականին՝ որպես երախտագիտության նշան՝ 1988 թվականի երկրաշարժից հետո Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության համար։ 2015 թվականին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցին, հուշարձանին ավելացվել է նաև հուշատախտակ։

