Ավելի քան 30 տարվա ընթացքում Երևանի մանկապարտեզները մեծ մասամբ օտարվել են՝ հաճախ համակարգված սխեմաներով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և Երևանի ավագանու քննիչ հանձնաժողովը 6 ամսվա ուսումնասիրությունների արդյունքներով զեկույց են պատրաստել, որը ներկայացրեց ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Խոսքը 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի, Երևանի նախկին թաղային համայնքների և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող մանկապարտեզների ու դպրոցների տարածքների օտարման մասին է։

Նրա խոսքով՝ տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացվել են գրավոր պարզաբանումներ՝ օտարման և լուծարման որոշումների հիմքերի վերաբերյալ։

Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ մի շարք դեպքերում որպես հիմնավորում ներկայացվել են շենքերի թերբեռնվածությունը կամ վթարային վիճակը, սակայն համապատասխան հիմնավորող փաստաթղթեր չեն հայտնաբերվել։ Նշվում է, որ լուծարվել և օտարվել է մոտ 70 մանկապարտեզ, իսկ մի քանի տասնյակ տարածքներ տարիներ շարունակ տրամադրվել են վարձակալության կամ անհատույց օգտագործման։

Ներկայացվել են նաև կոնկրետ հասցեներ, որտեղ տարածքները վաճառվել են կադաստրային արժեքից զգալիորեն ցածր գնով։ Ըստ զեկույցի՝ նման գործարքները կրել են համակարգված բնույթ և կիրառվել են կրկնվող մեխանիզմներով տարբեր վարչական շրջաններում։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ներկայիս ծանրաբեռնվածությանը։ Քաղաքում գործում է 145 մանկապարտեզ, որտեղ հաճախում է շուրջ 27 հազար երեխա, իսկ հերթագրվածների թիվը մոտենում է 14 հազարի։ Նշվում է, որ հերթերի ծավալը գերազանցում է բնական ծանրաբեռնվածության սահմանները և ազդում է նախադպրոցական կրթության հասանելիության վրա։

Քննարկման ընթացքում ընդդիմադիր ավագանու անդամները հետաքրքրվել են՝ քանի դեպքով են իրավապահներին հաղորդումներ ներկայացվել և ինչ ընթացք են ստացել դրանք։ Զեկույցը ներկայացնող կողմը տեղեկացրել է, որ առանձին գործերով նախկինում հարուցվել են քրեական վարույթներ, մի մասն էլ կարճվել է։ Միաժամանակ նշվել է, որ ամբողջական զեկույցը նախատեսվում է փոխանցել դատախազություն։

Ընդդիմադիր ներկայացուցիչները նաև առաջարկել են հանրությանը ներկայացնել տեսանյութային ամփոփ նյութ՝ ըստ տարիների և պաշտոնյաների, թե որ ժամանակահատվածում են իրականացվել օտարումները, ինչպես նաև հնչեցրել են կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ քննադատական գնահատականներ։