Աբովյանում 24–ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողները ձերբակալվել են
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 24–ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության մեջ կասկածվող երկու անձ ձերբակալվել են։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ–ի տվյալներով՝ կասկածյալները հայտնաբերվել և ձերբակալվել են։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք ինքնակամ ներկայացել են ոստիկանություն։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներ 42-ամյա Աշոտ և 34-ամյա Բենիամին Սոխրաբյանցները։ Վերջիններս հարազատ եղբայրներ են։
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-ին Աբովյանի կենտրոնում։ Զոհված Սարգիս Զեյնալյանը, լրատվամիջոցների տեղեկություններով, Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանի հարազատն էր։ Տեղեկացվում է, որ ամիսներ առաջ Գինու փառատոնի ընթացքում սպանվածի և կասկածյալների միջև տեղի ունեցած միջադեպը շարունակվել է օրեր անց, ինչն էլ դարձել է ողբերգության պատճառ։
