ՀայաստանՊատահար

Ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ավտովթար Երևանում

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:40-ի սահմաններում թիվ 23 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանին, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին։

Վթարի հետևանքով 9 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանց առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է դեպքի վայրում՝ շտապօգնության բժիշկների կողմից։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության, պարեկային ծառայության և քննչական կոմիտեի աշխատակիցները։ Ավտոբուսը տեղափոխվել է պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական մարմինները պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև վթարի պատճառները։