
Մասիսում բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանման դեպք․ կան բերման ենթարկվածներ
Արարատի մարզի Դարբնիկ գյուղում ոստիկանները բացահայտել են խոշոր չափերի ապօրինի հանքարդյունահանում։ Պարզվել է, որ մասնավոր ընկերությունը խախտել է ընդերքի օգտագործման պայմանները՝ աշխատելով թույլատրության սահմաններից դուրս։
Տեղում պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, որն իրավունք ուներ աշխատելու միայն հստակ սահմանված տարածքում, առանց հատուկ թույլտվության ավազ ու խճաքար է հանել սահմանված տարածքից դուրս։ Ոստիկանները տեղում կանգնեցրել են բեռնատարները, իսկ վարորդներին, ինչպես նաև ընկերության լիազոր ներկայացուցչին, աշխղեկին ու նրանց օգնականին բերման ենթարկել։ Ավազով լի մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Նախնական հաշվարկներով՝ պետությանը հասցվել է շուրջ 12 միլիոն դրամի վնաս։ Պարզվել է, որ ընկերությունը թաքցրել է շրջանառությունը՝ խուսափելով հարկերից։ Մասիսի քննչական բաժնում արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ընդերքի պահպանման և օգտագործման պահանջների խախտման հիմքով։