Նոր ֆինանսական բուրգ է տարածվում
ՆԳՆ Կիբեռոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին՝ զգուշանալ հայկական առցանց տիրույթում տարածվող հերթական կասկածելի հարթակից՝ gxmcoin անվամբ ֆինանսական բուրգից։
Կիբեռոստիկանությունը հիշեցնում է նախկինում գործող HelloBit հարթակի դեպքը, որի գործունեությունը լայն վնասներ էր պատճառել հազարավոր քաղաքացիների։
Հիշեցնենք, որ որպես կրիպտո ներդրումային հարթակ ներկայացվող HelloBit-ը գործարկումից օրեր անց սառեցրել էր օգտատերերի հաշիվները, ինչի հետևանքով մարդիկ կրել էին ֆինանսական կորուստներ։
Քաղաքացիներին առաջարկվում էր ներդրում կատարել և ստանալ օրական 2-3% եկամուտ։ Բացի այդ՝ համակարգը խրախուսում էր նոր մարդկանց ներգրավումը։
Մասնագետները բացատրել են նման հարթակների մեխանիզմը. ներգրավվում են հնարավորինս շատ մարդիկ, նրանց գումարներով վճարվում են նախորդ ներդրողների «տոկոսները», իսկ երբ ներգրավման տեմպը նվազում է, կազմակերպիչները դադարեցնում են գործունեությունը և անհետանում։
Կիբեռոստիկանությունը հորդորում է չտրվել բարձր ու արագ շահույթի խոստումներին, չներդնել գումար կասկածելի հարթակներում։

