Հայկական ծագման ապրանքների արտահանումը գերազանցել է 4.46 մլրդ դոլարը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրապարակած տվյալների համաձայն՝ հայկական ծագման ապրանքների արտահանումը 2017 թվականի 2 մլրդ դոլարից 2025 թվականին հասել է 4.46 մլրդ դոլարի՝ արձանագրելով ավելի քան 2.2 անգամ աճ։

Ընդգծվում է, որ այս հաշվարկում ներառված չեն վերաարտահանումը և ոսկու արտահանումը, ինչը ցուցանիշը դարձնում է առավել ընդգծված հենց տեղական արտադրության տեսանկյունից։

Զուգահեռաբար զգալի աճ է գրանցվել նաև արտադրողականության մակարդակում։ Եթե 2017 թվականին մեկ մարդ/ժամ արտադրողականությունը կազմել է 5.6 դոլար, ապա 2025 թվականին այն հասել է 11.3 դոլարի՝ աճելով ավելի քան երկու անգամ։

Գևորգ Պապոյանի խոսքով՝ նման արդյունքները հնարավոր չէին լինի առանց արտադրողականության բարձրացմանն ուղղված պետական ծրագրերի։ Այդ ծրագրերի ընդհանուր պորտֆելը ներկայումս կազմում է մոտ 1.5 մլրդ դոլար։ Սա նշանակում է, որ հայկական բիզնեսները ձեռք են բերել շուրջ 1.5 մլրդ դոլարի նորագույն սարքավորումներ, իսկ պետությունը ամբողջությամբ կամ մեծ մասամբ սուբսիդավորում է այդ սարքավորումների ձեռքբերման համար ներգրավված վարկերի և լիզինգի տոկոսադրույքները։

Մարինա Գրիգորյան