ՀայաստանՊատահար

10.000 դոլար կաշառքի գործով դատավորի և երկու այլ անձանց դեմ գործը հասել է դատախազություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչին առնչվող 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

Համաձայն կոմիտեի հաղորդագրության՝ Գ. Խ.-ն, համագործակցելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով դատաքննությունը արհեստականորեն ձգձգելու միջոցով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատել։ Մասնավորապես, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, դատավորը պետք է արհեստական հիմքեր ստեղծեր, փորձաքննություն նշանակեր և այն սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկեր՝ նպաստելով գործի ձգձգմանը։

Նախաքննությամբ պարզվել է, որ դատավորը օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու փոխարեն, Զ. Ս.-ի օգտին վերը նշված ապօրինի գործողությունների և անգործության համար 2025 թվականի ապրիլի 9-ին Գ. Խ.-ի միջոցով նրանից պահանջել է 3.892.500 ՀՀ դրամին համարժեք՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք:

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։