ՀայաստանՊատահար

Բացահայտվել են հարկերից խուսափելու երեք դեպք․ պետությանը պատճառվել է 180 միլիոն դրամի վնաս

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են հարկերից խուսափելու երեք տարբեր դեպք։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ առաջինը վերաբերել է Երևանի Վրացական փողոցում շինարարությամբ զբաղվող ընկերությանը, որը 2023-2025 թվականներին օտարել է 134 ավտոկայանատեղի և մեկ բնակարան՝ նշելով պայմանագրերում շուկայականից անհամեմատ ցածր գներ։ Այդ կերպ ընկերությունը խուսափել է հարկային պարտավորություններից՝ պետությանը պատճառելով 118 միլիոն դրամից ավելի վնաս։

Երկրորդ դեպքը արձանագրվել է Կոտայքի մարզում՝ Արզնի գյուղից Աբովյան քաղաք տանող ճանապարհին գործող ավտոգազալցակայանում։ Ընկերությունն 2024-ի հունվարից մինչև 2025-ի մարտը թաքցրել է իրացման իրական ծավալները՝ այդ կերպ խուսափելով ավելի քան 43 միլիոն դրամի հարկի վճարումից։

Երրորդ դեպքում երկու փոխկապակցված բեռնափոխադրող ՍՊԸ-ների հաշվեկշռից օտարվել է 14 բեռնատար, որոնց վաճառքը փաստաթղթավորված է եղել իրական արժեքից ցածր գներով։ Այս գործողության արդյունքում պետությանը պատճառվել է 17.2 միլիոն դրամի վնաս։