
Կասեցվել է մետաղաձուլարանի ապօրինի գործունեությունը
Երևանում և Մասիսում գործող «Մետէքսիմ» ընկերությունում արձանագրվել են բնապահպանական ոլորտին վերաբերող խախտումներ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ընկերության արտադրամասերում կատարած ստուգումների արդյունքում պարզել է, որ մետաղաձուլման ընթացքում օգտագործվող գազի երեք վառարաններն աշխատել են ապօրինի՝ առանց համապատասխան թույլտվությունների։
Ընկերությանը նշանակվել է ընդհանուր 10 միլիոն 400 հազար դրամի վարչական տուգանք, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջը կազմում է 1 միլիոն 200 հազար դրամ։
Արտադրությունը ընթացել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անհրաժեշտ դրական եզրակացության։
Բացի այդ, պարզվել է, որ ընկերությունը չի ունեցել անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի արտանետման թույլտվություն։
Վերջինս լուրջ խնդիր է, քանի որ առանց այդ փաստաթղթերի հնարավոր չէ վերահսկել, թե որքանով է արտանետվող գազը վտանգավոր մարդկանց առողջության և բնության համար։
Այս խախտումների պատճառով վառարանների շահագործումը կասեցվել է։