Պարտություն, խնդիրներ, հեռացում․ զրույց «Նոայի» նախկին սպորտային տնօրեն Արթուր Ոսկանյանի հետ
Հայաստանի ազգային հավաքականը օրեր առաջ Ազգերի լիգայում ոչ-ոքի խաղաց Ֆարերյան կղզիների (2։2) ընտրանու դեմ ու պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային (0:2): Պարտությունից հետո Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից։ FAF-ը բողոքի ակցիա անցկացրեց հանդիպումից հետո ՀՖՖ գրասենյակի դիմաց՝ պահանջելով, նախ, հանդիպում ՀՖՖ նախագահի հետ, հետո նաև պահանջելով հրաժարական։
Հավաքականի վերջին մրցելույթները քննարկումների առիթ դարձան։ «Նոայի» նախկին սպորտային տնօրեն Արթուր Ոսկանյանը նշեց, որ հայկական ֆուտբոլի ամենակարևոր խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է․
Մենք պետք է հասկանանք, թե ինչպես աշխատենք, որ Հայաստանում մեծացած հայ ֆուտբոլիստները, ովքեր տաղանդավոր են, հասնեն մինչև ազգային հավաքական։ Մեր հավաքականի վերջին խաղերում, երևի, 2-3 ֆուտբոլիստներ կան, ովքեր Հայաստանում են ֆուտբոլային կրթություն ստացել։ Մնացածը կա՛մ արտասահմանից են եկել, ում քաղաքացիություն ենք տվել, կա՛մ տարբեր երկրներում ֆուտբոլային կրթություն ստացած հայ ֆուտբոլիստներ։ Կարևոր է, որ հավաքականի կորիզը կազմեն Հայաստանի մենթալիտետով մեծացած ֆուտբոլիստները։
Բացի հավաքականի մրցելույթներից՝ ֆուտբոլային հասարակությունը քննարկեց Ալեքսանդր Պետրակովի հեռացումը։ Այս որոշումը, ըստ Ոսկանյանի, ճիշտ էր։
Պետրակովը շատ լավ մարզիչ է, բայց Հայաստանի հավաքականում կայուն խաղեր չեղան։ Մենք արդեն ձախողել էինք այս Ազգերի լիգան, և որոշումը, այո՛, ճիշտ էր, քանի որ Պետրակովը հոգեբանորեն չէր կարողանում պատրաստվել խաղերին։
Այն հարցին, թե ով պիտի գլխավորի ազգային ընտրանին, Ոսկանյանը նշեց․
Հայաստանի ազգային հավաքականը պետք է գլխավորի հայ մարզիչ։ Շատ կարևոր է, որպեսզի իր մարզչական շտաբի մեծամասնությունը հայ մարզիչներ լինեն, որովհետև մեր մենթալիտետը ուրիշ է։ Մեր մասնագետները գիտեն ֆուտբոլիստների հետ ճիշտ խոսելու և մոտիվացնելու ձևը։