ՀայաստանՔաղաքականություն

«Հայաստանը ցանկանում է ուղղակի շփվել Թուրքիայի հետ»․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «3+3» ձևաչափով նիստից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է Իրանի ու Ռուսաստանի միջնորդությունից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Ըստ Լավրովի՝ հայ գործընկերները դադար են վերցրել և ցանկանում են ուղղակի շփվել թուրք գործընկերների հետ և հասկանալ, թե ինչ պետք է անել։ Նա հավելեց, որ Ռուսաստանն ու Իրանը նպաստել են հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին։

Հայ-թուրքական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկա են գրանցել։ Երկու երկրների սահմանի կարգավորման հարցում բանակցություններ են սկսվել։ Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հինգ հանդիպում են ունեցել։ Վերջին հանդիպումը այս տարվա հուլիսի 30-ին էր, որտեղ կողմերը ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը։

Ռուբեն Ռուբինյանը դեռ 2022 թվականի հուլիսին նշել էր, որ հայ-թուրքական բանակցային գործընթացի հաջողությունը կախված է Անկարայի քաղաքական կամքից, և որ Հայաստանը միշտ կառուցողական է եղել։

Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: