ՀայաստանՊատահար

Խարդախության նոր տեխնիկա․ խաբեբաները ձայնն ու դեմքն են փոխում արհեստական բանականությամբ

Համացանցում տարածվում է խարդախության նոր, վտանգավոր մեխանիզմ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ զեղծարարները արհեստական բանականության (ԱԲ) միջոցով կարողանում են փոփոխել մարդու ձայնն ու արտաքինը։ Այդ տեխնիկան կիրառելով նրանք դիմում են թիրախի տակ հայտնված անձի մտերիմներին՝ շտապ գումար խնդրելու պատրվակով։

Ըստ ՆԳՆ ոստիկանության հաղորդման՝ այսպիսի դեպքեր գրանցվել են հատկապես «Տելեգրամ» և «Ֆեյսբուք» հարթակներում։ Զեղծարարները կարողանում են ինչպես ձայնային հաղորդագրություններ ուղարկել, այնպես էլ տեսազանգեր կատարե։ Նրանք ներկայանում են այլ անձանց փոխարեն և դիմում վերջիններիս բարեկամներին՝ ասելով, որ «Իմ նոր նախագծի համար շտապ գումար է հարկավոր»։Նրանց հաջողվում է այնքան վարժ կերպով նմանակել անձին, որ անտեղյակ քաղաքացիները հաճախ ենթարկվում են մոլորության։

Ոստիկանությունն ընդգծում է՝ խաբեության այս ձևը ոչ միայն տեխնիկապես զարգացած է, այլև հոգեբանորեն վտանգավոր, քանի որ հենվում է վստահության վրա։