ՀայաստանՊատահար

Ճամբարակում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են. աղետից 24 ժամ անց

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում հունիսի 11-ի առավոտյան տեղի ունեցած հզոր գազի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է հինգի։ Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն։

ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ փլատակներից դուրս է բերվել նաև 52-ամյա Արթուր Սարգսյանի դին։ Մինչ այդ հայտնաբերվել էին 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանի, 1949-ին ծնված Ռիտա Սարգսյանի, 1935-ին ծնված Ռոզա Մովսիսյանի և 1963-ին ծնված Հրաչյա Լազարյանի մարմինները։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում, ինչի հետևանքով փլուզվել են շենքի 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են նաև կից մուտքի որոշ բնակարաններ։

Պայթյունի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից իսկ 3-ը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ըստ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի՝ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են շուրջ 230 փրկարարական ծառայող և ոստիկան։

Պայթյունի հետևանքները մեղմելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են միջգերատեսչական մակարդակով՝ մարզային ու համայնքային իշխանությունների ներգրավմամբ։ Գնահատվում են տուժածների կարիքները, ապահովվում է սննդի, դեղորայքի, կացարանի տրամադրում։

Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցել։