
Պիտանելիության ժամկետն անցած 300․000 ձվի գործով նախկին պաշտոնյան ազատազրկման է դատապարտվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի նախկին պետ Ալեքսան Մկրտչյանը դատապարտվել է 4 տարի 6 ամսվա ազատազրկման։
Նա մեղաերվում է 300․000 ձվերի ոչնչացման գործընթացում կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավվելու համար։
Բացի դրանից, դատարանը նրան պարտավորեցրել է վճարել 1 միլիոն 830 հազար դրամ տուգանք և 3 տարի իրավունք չի ունենա զբաղեցնել հանրային ծառայության պաշտոններ։
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Ալեքսան Մկրտչյանը 250 հազար դրամ կաշառք է վերցրել՝ իբր ոչնչացված վտանգավոր արտադրանքի վերաբերյալ կեղծ փաստաթուղթ ձևակերպելու համար։ Խոսքը «Մյաս» ընկերության ձվերի մասին է, որոնք ժամկետանց լինելու պատճառով վերադարձվել էին Հայաստան։
Քննությամբ պարզվել է, որ նույն կենտրոնի տեսուչ Գուրգեն Պետրոսյանն իր ստորագրությամբ հաստատել է ակտ, ըստ որի՝ ձվերը ոչնչացվել են, մինչդեռ փաստացի դա տեղի չի ունեցել։ Ակտը փոխանցվել է Մկրտչյանին՝ իմանալով, որ տվյալ ապրանքը չի ոչնչացվել։ Ընկերության տնօրեն Ռուդիկ Հովհաննիսյանն էլ մասնակցել է կեղծ փաստաթղթի ձևավորմանը։
Հակակոռուպցիոն դատարանի մարտի 6-ի վճռով՝ Ալեքսան Մկրտչյանը դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, տուգանքի՝ 1 միլիոն 830 հազար դրամի չափով։ Նա նաև 3 տարով զրկվել է պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Գուրգեն Պետրոսյանը դատապարտվել է 1 միլիոն 174 հազար դրամ տուգանքի։
«Մյաս» ընկերության տնօրեն Ռուդիկ Հովհաննիսյանը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման և 750 հազար դրամ տուգանքի։