ՀայաստանՊատահար

2020 թվականի նոյեմբերի 10-ի դեպքերից հետո 10 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազություն

Շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ նախաքննությունը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ պարզվել է, որ 10 անձ, տեղեկանալով, որ կառավարության շենքի մոտ հավաքված բազմությունը մասնակցում է անկարգությունների, գնացել է այդ վայր և միացել տեղի ունեցող իրադարձություններին։

Նրանք մյուս մասնակիցների հետ հաղթահարել են ոստիկանական պատնեշը, մոտեցել շենքի մուտքերին ու պատուհաններին, վնասել դրանք, ներխուժել կառավարական շենք, որտեղ շարունակել են անկարգությունները։ Վնասվել են դռներ, գույք, պետական և մասնավոր սեփականություն։

Հաղորդվում է, որ այդ գործողությունները խաթարել են կառավարության բնականոն աշխատանքը և վտանգել հանրային անվտանգությունը։ Նշված 10 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով։ Նրանց գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է դատախազին՝ դատարան ներկայացնելու միջնորդությամբ։ Նախաքննությունը մյուս անձանց մասով դեռ շարունակվում է։

Սեդա Մարտոյան