Հնդիկ ուսանողները տարհանվել են Թեհրանից Հայաստանի տարածքով
Թեհրանում գտնվող հնդիկ ուսանողները լքել են Իրանի մայրաքաղաքը՝ Հայաստանի տարածքով։ Տարհանումը իրականացվել է Հնդկաստանի դեսպանատան միջամտությամբ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին գրում է Hindustan Times-ը՝ հղում անելով Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարությանը։
Հայկական կողմի փոխանցմամբ՝ մեր երկրի տարածքով Իրանից Հնդկաստանի 110 քաղաքացի է տարհանվել։
Ըստ աղբյուրի՝ տարհանման համար օգտագործվել է Հնդկաստանի դեսպանատան կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների ուղին։ Մասնավորապես, ուսանողները տեղափոխվել են Իրանի հյուսիսից դեպի Հայաստան՝ անվտանգ միջանցքով, քանի որ տարածաշրջանում իրավիճակը լարված է։
Բացի այդ՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը (MEA) երկուշաբթի օրը հաստատել է, որ քաղաքացիները, այդ թվում՝ ուսանողները, Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան հսկողության ներքո տեղափոխվում են Իրանի ավելի անվտանգ վայրեր։
Իրանը ժամանակավորապես փակել էր իր օդային տարածքը շաբաթվա ցերջին՝ Իսրայելի հետ ինտենսիվ կրակոցների պատճառով։
Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ պնդելով, որ վերջինս մոտ է միջուկային զենք ստեղծելուն։ Գործողության թիրախ են դարձել ինչպես ռազմական, այնպես էլ գիտական օբյեկտներ։ Ի պատասխան դրա՝ Իրանը սպառնացել է պատասխան հարվածով։