
Զենքեր, փաստաթղթեր և ձայնագրություններ. ի՞նչ է հայտնաբերվել «Սրբազան պայքարի» գործով
«Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և անդամների տներում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են մեծաքանակ իրեր, որոնք, ըստ նախաքննության տվյալների, նախատեսված են եղել հանցագործության նախապատրաստման համար։ Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Հունիսի 24-ին իրավապահները Հայաստանի տարբեր բնակավայրերում շուրջ 90 խուզարկություն են իրականացրել։ Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են հրազեն, ռազմամթերք, ինքնաշեն պայթուցիկներ, ռադիոկապի սարքեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, ինչպես նաև ռազմական հանդերձանք։ Բացի նյութական ապացույցներից, քննչական խմբերը հայտնաբերել են շարժման կողմից իրականացվելիք գործողությունների մանրամասն պլաններ, հավաքագրված խմբերի ցուցակներ, ինչպես նաև ապագա «նշանակումների» ցանկեր՝ գործադիր իշխանության տարբեր պաշտոնների համար։
Ըստ ՔԿ տվյալների՝ քրեական վարույթի շրջանակում այս պահին հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ, որոնցից 14-ը ձերբակալվել են։ Նշվում է նաև, որ ձեռք են բերվել փաստաթղթեր և ձայնագրություններ, որոնք նախաքննության շրջանակում դիտարկվում են որպես ապացույց։