Լարված իրավիճակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունիսի 2-ին լարված իրավիճակ է ստեղծվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում։ Տեղում գործողություններ են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այդ ամենը կապված է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական վարույթի հետ։
Միաժամանակ, Էջմիածնի տարածքի մեկ այլ հատվածում հավաքվում են հոգևորականներ։ Իրավիճակին տեղում հետևում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Միքայել արքեպիսկոպոսը համաձայնել է մեկնել իրավապահների հետ՝ փաստաբանի ուղեկցությամբ։
Մենք կհավաքվենք Վեհարանում և կքննարկենք մեր հետագա քայլերը։ Մեր պարտքն է ամեն ինչ անել՝ արդարության վերականգնման համար, – նշել է կաթողիկոսը։
Ավելի վաղ այսօր խուզարկություն էր իրականացվել Աջապահյանի բնակության վայրում՝ Գյումրիում։ Դրանից հետո Մայր Աթոռում փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ կա ձերբակալման որոշում։
Միջադեպի ընթացքում, ըստ հաղորդումների, Էջմիածնում՝ Շիրակի թեմի առաջնորդարանի բակում, ոստիկանները բերման են ենթարկել հավաքված քաղաքացիներից մեկին։
Իրավիճակը շարունակվում է զարգանալ։
