
Դանակահարություն Մարալիկում․ կասկածյալը ձերբակալվել է օդանավակայանում
Հունիսի 28-ին Մարալիկում տեղի ունեցած դանակահարության արդյունքում երկու տղամարդ որովայնի վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:30-ի սահմաններում, երբ Նորակերտ գյուղի 33-ամյա բնակիչը գնացել է նախկին կնոջ հայրական տուն։ Տեղում նրա և նախկին աներոջ միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում տղամարդը ավտոմեքենայից վերցրած դանակով հարվածել է վիճաբանությանը միջամտած աներորդու ընկերոջը, իսկ այնուհետ՝ միջադեպը կանխել փորձող ևս մեկ՝ 46-ամյա մարալիկցու։
Երկու տուժածներն էլ հիվանդանոց են տեղափոխվել որովայնի կտրած-ծակած վնասվածքներով։
Հանցագործության գործիքը՝ դանակը, հայտնաբերվել է դեպքի վայրում։
Դեպքի առթիվ Անիի և Արթիկի քննչական բաժիններում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կասկածյալը հայտնաբերվել և ձերբակալվել է հաջորդ առավոտ՝ ժամը 6:30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում։
Նա խոստովանել է կատարվածը։ Նախաքննությունը շարունակվում է։