
Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, մեքենաներ և ծառեր
Հերթական անգամ քամին մեծ վնասներ է հասցրել Հայաստանի մի շարք բնակավայրերի։ Հունիսի 28-ից Հայաստանի մի շարք բնակավայրերում արձանագրվել են քամու ուժգնացումներ։ Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Արմավիրի և Արարատի մարզերում շինություններ և մեքենաներ են վնասվել, տապալվել են ծառեր։
Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության տվյալների՝ միայն հունիսի 30-ին գրանցվել է 14 դեպք, որոնց մեծ մասը՝ Երևանում։ Մասնավորապես՝ ծառեր են տապալվել կամ թեքվել Մամիկոնյանց, Անդրանիկի, Լեռ Կամսարի, Շինարարների, Նիկողայոս Տիգրանյան, Բուժաշխատողների փողոցներում և Մաշտոցի պողոտայում։ Քամու հետևանքով վնասվել են նաև տանիքներ ու գովազդային վահանակներ։
Արմավիր քաղաքում շենքի տանիքը պոկվել է և ընկել կայանած մեքենաների վրա, ինչի հետևանքով վնասվել է ութ ավտոմեքենա։ Մեկ այլ հասցեում՝ Բաղրամյան փողոցում, շինության տանիքը ընկել է գազի բաշխիչ կայանի վրա։ Երկու դեպքերով էլ կատարվել են ապամոնտաժման և տարածքի մաքրման աշխատանքներ։
Շենիկ բնակավայրում քաղաքացիները և փրկարարները տեղափոխել են տապալված ծառեր, իսկ Արարատ քաղաքում իրականացվել են տանիքների ամրացման աշխատանքներ։
Ընդհանուր հաշվով քամու հետևանքով վնասվել է առնվազն 11 տրանսպորտային միջոց։ Տուժածների մասին այս պահի դրությամբ տեղեկություն չի հաղորդվում։
Մայիսից մինչև հուլիսի մեկը արդեն մի շարք դեպքեր են գրանցվել, երբ քամին ավերածություններ է գործել Հայաստանի տարբեր մարզերում։ Թեպետ փրկարարները տեղում արձագանքել են ահազանգերին, իրականությունն այն է, որ հստակ քայլեր չեն մշակվում այդ վնասները թեթևացնելու համար։ ենթակառուցվածքները պատրաստ չեն նույնիսկ կանխատեսելի օդերևութաբանական ռիսկերին։ Մշտապես նույն պատկերն է՝ պոկված տանիքներ, տարիներով չվերանորոգված կառուցատարրեր, չճշգրտված ու թուլացած գովազդային վահանակներ, վտանգավոր ծառեր, որոնք ժամանակին չեն հատվել կամ չեն զննվել։
Amnews-ի տվյալներով, մի շարք դեպքերում քաղաքացիները իրենք են փորձում լուծել քամու առաջացրած խնդիրները՝ վերանորոգելով տները, գույքը և այլն։