
Հայաստանում հրդեհների թիվը կտրուկ աճել է. մասնագետները ահազանգում են
2025 թվականի առաջին կիսամյակում բուսածածկ և խոտածածկ տարածքներում հրդեհների թիվը Հայաստանում զգալիորեն աճել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Բագրատ Վարդազարյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին հանրապետությունում գրանցվել է 2096 հրդեհ, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ 787։ Այսինքն՝ հրդեհների թիվը աճել է գրեթե 3 անգամ։
Ըստ մասնագետների՝ հրդեհների զգալի մասը առաջացել է մարդկային անփութության հետևանքով։ Քաղաքացիները, որոնց գործողությունների պատճառով անտառում կամ այլ բնապահպանական տարածքում հրդեհ կբռնկվի, կկրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն՝ մինչև 200 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Սա հիմնականում պայմանավորված է մարդկային գործոնով։ Օրինակ՝ Արարատի մարզում այս տարի գրանցվել է 386 հրդեհ, անցյալ տարի՝ 192։ Տավուշում՝ համապատասխանաբար 281 և 72։ Անտառային հողերի հրդեհների մասով ևս նկատվում է աճ. նախորդ տարի գրանցվել է 5, այս տարի՝ 20 դեպք,- ասաց Վարդազարյանը։
Նշենք, որ այս պահին ամենահրդեհավտանգ գոտիներից է Արարատի մարզը, որտեղ, ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։