ՀայաստանՊատահար

Գիշերային բախում Գյումրիում․ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ազգականը կասկածվում է կրակոցներ արձակելու մեջ

Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Գյումրու կենտրոնական հատվածում՝«Գյումրի Հացատան» մոտակայքում, տեղի էր ունեցել միջադեպ, որն ուղեկցվել էր կրակոցներով։ Հրավիրված ոստիկաններն արձանագրել են, որ նախ տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի ու բռնությունների, ապա հնչել են նաև կրակոցներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով երեք մարդ վնասվածքներ է ստացել՝ մեկը՝ հրազենային, երկուսը՝ ծեծկռտուքի հետևանքով։ Սակայն ոչ ոք չի դիմել հիվանդանոց՝ նախընտրելով բուժվել տնային պայմաններում։

Ոստիկանության աշխատակիցներն պարզել են, թե ով է կրակոցների ենթադրյալ հեղինակը։ Կասկածվողը Վ․ Կարապետյանն է՝ մի մարդ, ով նախկինում ևս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում և կապվում է Գյումրիի մի շարք քրեական պատմությունների հետ։

Հաղորդվում է, որ Վ․ Կարապետյանը մտերիմ կապեր ունի իշխող ուժի ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, մամուլում նշվում է, որ նա Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբորորդին է։

Ըստ իրավապահ մարմինների՝ միջադեպը, հավանաբար, կապված է տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրությունների հետ։ Ներկայումս Վ․ Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ, քննությունը շարունակվում է։

Սեդա Մարտոյան