ՀայաստանՊատահար

Հաղթանակ թաղամասում գազի բալոնի պայթյունից բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 1-ամյա երեխա և երկու տատիկները․ ի՞նչ է հայտնի դեպքից

Հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հաղթանակ թաղամասում՝ Ամառանոցային փողոցի 2—րդ նրբանցքում հրդեհ է բռնկվել բնակելի տներից մեկում։ Հրդեհի հետևանքով զոհվել են 1 տարեկան երեխան և նրա երկու տատիկները։ Այս մասին Amnews-ին հայտնեցին զոհվածների հարևանները։ Ընտանիքը շուրջ 6 ամիս վարձով էր բնակվում այդ տանը։ Ներսում գտնվել են ամուսինները՝ իրենց երկու տղաների և երկու մայրերի հետ։ Ըստ տեղեկությունների՝ կինը հղի է և սպասում է երրորդ երեխային։

Հարևաններև հայտնեցին, որ նախնական տվյալներով, պայթել է գազի բալոնը, որից հետո հրդեհ է տարածվել ամբողջ տանը։ Ամուսինը պատուհանից դուրս է բերել կնոջը և 2 տարեկան տղային, հետո փորձել է մտնել տուն՝ դուրս բերելու փոքրիկին ու երկու մայրերին, բայց կրակը շատ ուժեղ է բռնկվել։ Երեքն էլ մնացել են ներսում։

ՆԳՆ փրկարար ծառայության տվյալներով՝ հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 00։00-ի սահմաններում։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի 5 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը՝ մոտ 60 քմ մակերեսով, ինչպես նաև տան և կից շինության տանիքները՝ ընդհանուր շուրջ 120 քմ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։